Ախ, այս երկուշաբթին

Երկուշաբթի` շաբաթվա առաջին աշխատանքային օրը: Երբ առջևում կա ևս չորս օր, երբ փորձում ես պլանավորել ոչ թե օրդ, այլ ողջ շաբաթդ, երբ մտածում ես այս շաբաթ ավելի լավ սովորելու մասին, երբ ուզում ես ամեն ինչ հասցնել եկող շաբաթում: Հաճախ շատ կարևոր, անսպասելի ու սպասված, հաճախ էլ անկարևոր ու սովորական է երկուշաբթին:

Մի քիչ պատմեմ իմ երկուշաբթիների մասին: Զարթուցիչը հնչում է առավոտյան ժամը յոթին ու, եթե ճիշտն ասեմ, այդ պահին մտածում եմ միայն մի քանի րոպե ավել քնելու մասին: Այո, մի քանի րոպե, բայց արթնանում եմ միայն ութն անց տաս-տասնհինգ: Իհարկե, պատահում են նաև դեպքեր, երբ ինձ համոզում եմ, որ պիտի վեր կենալ` մտքումս թվարկելով դրա պատճառներն ու հետևանքները: Հավատացեք` օգում է: Արագ հագնվում եմ ու զանգում. «Էլեոնո՞ր, պատրա՞ստ ես»: Պատասխանը երբեմն դրական, իսկ շատ հաճախ բացասական է լինում: ՈՒ ահա ութն անց երեսունհինգ-քառասուն դուրս եմ գալիս /ավելի ճիշտ կլինի ասել` դուրս եմ թռչում/ շենքից ու վազում, չէ՞ որ Էլեոնորը արդեն սպասում է /մեկ-մեկ չի էլ սպասում/: Ինչ որ մեկի երկար սպասելուց ու ինչ որ մեկի ուշ «հայտնվելուց» հետո էլ միասին դպրոց ենք գալիս: Դե, դպրոցում էլ ընդհանուր պարապմունք ու դասեր: Իսկ ամեն դասից հետո, նայելով ժամացույցին մտածում եմ. «Ախր, դեռ երեկ, ճիշտ այս ժամին, քնած էի, իսկ հիմա՞…»: ՈՒ էդպես ողջ օրը, կամ գոնե օրվա կեսը, մինչև ինչ որ բանով զբաղեցնեմ ինձ:

Մի խոսքով` ինձ համար բողոքական, ալարկոտ ու նվնվան օր է երկուշաբթին: Երբեմն մտածում եմ. «Տեսնես ինչո՞ւ աշխատանքային օրերը չեն սկսվում երեքշաբթի օրվանից»:

Սիրով` Վիկա Մարկոսյան

Leave a comment