Իմ «Արևի քաղաքը»

sun...Դեռ 1500-ական թվականներին իտալացի վանական Թոմմազո Կամպանելլան գրեց իր «Արևի քաղաքը» երկը: Այդ «Արևի քաղաքը» ըստ նրա՝ Հնդկական օվկիանոսում մի կղզու վրա գոյություն ունեցող քաղաք է, որը ղեկավարվում է «Արև» անունով իմաստունի կողմից: Դա, իհարկե, նրա երևակայության արդյունքն էր, իրականում նման երկիր գոյություն չունի ու չի ունեցել, բայց այդ երկում նա նկարագրել է իր կարծիքով՝ կատարյալ պետական կառուցվածք ունեցող մի երկիր: Իրականում բոլորս էլ ունենք մեր «Արևի քաղաքը», որտեղ ապրում ենք կամ ուզում ենք ապրել: Բոլորս էլ պատկերացնում ենք, թե ինչպիսին է, կամ պիտի լինի այն, ինչ կարգեր պիտի տիրեն այնտեղ: Մտածում ու երազում ենք, բայց չենք փորձում հենց էդպիսի քաղաքում ապրել: Խոսքը նոր քաղաք հիմնելու մասին չէ, ես խոսում եմ հինը ավելի լավը դարձնելու մասին: Ինչո՞ւ, ասենք, Երևանը չի կարող դառնալ մեր «Արևի քաղաքը»: Գիտեմ, որովհետև երբեք չենք փորձել էդպիսին դարձնել: Եթե ուզում ես, որ Հայաստանի մայրաքաղաքում արդարություն լինի, ապա ինքդ պիտի փոխես քեզ, դարձնես ավելի արդար ու ոչ թե անիմաստ ճառեր արտասանես արդարության մասին: Եթե ուզում ես՝ մաքուր լինի, նախ ինքդ մի աղտոտիր այն: Կամ մի գուցե իրավահավասարությա՞ն քաղաք ես ուզում: Ո՞ւմ ես սպասում՝ ստեղծիր իրավահավասարություն, պայքարիր դա խաթարողի դեմ: Իրոք որ, մենք սիրում ենք դատարկ տեղը խոսել, իսկ գործել քչերն են սիրում:

Բացի կառուցված կամ քանդված, մարդաշատ կամ դատարկ, տարօրինակ կամ միօրինակ, մեկ բառով ասած՝ շոշափելի քաղաքներից կան նաև քաղաքներ, պետություններ, մոլորակներ, որոնք հենց մեր ներսում են գտնվում: Դրանից ունի ամեն մարդ՝ յուրաքանչյուրս: Հիմա հաստատ հիշեցիր քո ոչ նյութական «Արևի քաղաքը»: Այս քաղաքի փողոցները միայն քեզ են հայտնի, միայն դու ես եղել այնտեղ: Ինչո՞ւ: Որովհետև դրանք միայն մեկի համար են նախատեսված: Ու այդ մեկն էլ դու ես: Ուղղակի մենք միշտ հետներս ենք տանում այս քաղաքը ու ոչ թե գնում այնտեղ: Մեր բոլորի անհատական «Արևի քաղաքները» շարժական են, ոչ թե նյութական քաղաքների նման…

Պիտի պահպանենք մեր ոչ նյութական «Արևի քաղաքը», երբեմն փոփոխություններ անենք այնտեղ: Իսկ նյութական «Արևի քաղաքը» լցնենք լույսով, վերանորոգենք այնտեղ ապրող մարդկանց դեմքերը, շինություններն ու իրավունքներն էլ փոխենք, եթե մեզ դուր չի գալիս, ապրենք մեր «Արևի քաղաքում» ու ուրիշ Արևներ չփնտրենք:

Leave a comment