Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է

6-1_90Ընդհանրապես,մտածում եմ՝ վատ ու լավ գրականություն չի լինում: Եթե գրողը գրել է, ուրեմն զգացել է, եթե զգացել է, ապա կեղծավորություն չի անում: Դե եթե կեղծավորություն չի անում, ուրեմն գրածն էլ արժեքավոր է /թեկուզ նրանով, որ անկեղծ է/: Գրաքննադատությունն էլ անիմաստ գործ է: Նույնն է, որ մարդուն ասես՝ սխալ ես զգում: Գրողներին քննադատել ես ինձ արգելել եմ: Համարելով գրողներին գերզգայուն մարդիկ պիտի գերզգույշ լինել նրանց հետ: Ենգիբարյանին հիշեցի, որ ասում էր՝ «իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշը»: Դուք նրան կնեղացնեք, եվ նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, եվ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ եվ լավ մարդիկ»:  Իրոք, մարդուն նեղացնել, փնովել, թևաթափ անել պետք չէ, մանավանդ, որ դրանից չունենք ոչ մի օգուտ: Լավ, նախաբանը երկար ստացվեց: Անցնեք մասնավոր օրինակին. Արամ Պաչյան: Վիքիպեդիան ասում է՝ հայ արդի արձակագիր, ես սրան կավելացնեի նաև լրագրողը: Էդպես ամեն ինչ իր տեղն է ընկնում: Տեսնենք՝ ի՞նչ է գրում Արամ Պաչյանը, որ քննադատվում է ավագ սերնդի կողմից ու սիրվում երիտասարդների, պատանիների շրջանում: Դե հաշվի առնելով, որ բոլոր ժամանակներում ժամանակակից գրականություն կոչվածը զերծ չի մնացել քննադատություններից սա էլ բացառություն համարել չենք կարող: Իսկ «ինչ վերաբերում է տարեցներին, նրանք միշտ հակադրվում են: Եվ դա անում են սկզբունքորեն: Եթե մի բանի համար հարցնենք նրանց կարծիքը, որ կատարվել է երեկ, հանդիսավոր ձևով Ձեզ կտան 1820 թվի կարծիքները, երբ տղամարդիկ հագնում էին երկար գուլպաներ, ամեն ինչի հավատում էին և բացարձակապես ոչինչ չգիտեին»,- կասեր Օսկար Ուայլդը ու ես էլ համաձայն եմ նրա հետ:
Պաչյանը ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչներից է ու մեծ ցանկության դեպքում էլ չքննադատվել չէր կարող: Գրողի ամեն մի ստեղծագործություն կարդալուց հետո հարց է առաջանում՝ հա իբր ի՞նչ, ու մտածելու տեղիք տալիս: Օրինակ՝ էն «Թափանցիկ շշերը», որն ըստ ավագ սերնդի ուղղակի զզվելի, անիմաստ ու անհաջող գործ է, ըստ մի խումբ երիտասարդների՝ գրողի հանճարեղության ապացույցներից մեկը: Կամ «Օրագրի մասինը»… Էլ «Ցտեսություն Ծիտը» քննարկման ենթակա չէ: Մի անգամ դասարանում վերնագիրն ասացի ու հասկացա, որ էս մարդիկ հասկացողը չեն: Մանավանդ, որ Ծիտ ասելով հեչ էլ ձեր ենթադրյալ ծտերի մասին չի խոսում: Մի խոսքով՝ գրողի մասին բազմակարծություն ու էն էլ ի՜նչ բազմակարծություն: Մտածում եմ՝ որ ես էդքան չընդունված, քննարկված գրող լինեի, կուզե՞ի էդ հասարակության հետ խոսել, պատմել իմ մասին: Չգիտեմ: Ու թող չստացվի, որ ասում եմ՝ քննադատելը վատ է, ես ասում եմ, որ մեր շրջապատում ապրող գրողներին քննադատելն է վատ: Ոչինչ, թող գրեն ու վատը լինի, բայց թող գրեն: Վատ գործերը կկորեն ժամանակի մեջ, լավերը կմնան գալիք սերունդներին, իսկ մենք հենց դա ենք ուզում:
Անդրադառնանք Արամ Պաչյանին: Սիրո՞ւմ եմ իր գրականությունը: Սիրում եմ: Ինչո՞ւ: Որովհետև թվում է, թե անկեղծ է գրում: Հիմա ասելու եք՝ դեպրեսիվ գրականություն է, բայց ես սիրում եմ էն գրական ոճը, որտեղ թաքնված էմոցիաներ կան, որոնք իբր սառնասրտությամբ են ներկայացվում ընթերցողին: Էդ ժամանակ ինչ ուզես կպատկերացնես, ոնց ուզես կպատկերացնես: Ես սիրում եմ ոչ հստակ նկարագրությունները, ինչը ստանում եմ կարդալով Պաչյանի գրականությունը: Չասեմ՝ այլ գրողներից չեմ ստանում էդ ամենը, բայց հաճելի է իմանալ, որ քո ժամանակներում էլ կա մեկը, ով նույն ոճում է ստեղծագործում: «Գրադարանում Արամ Պաչյանի հետ»-ը լսելուց հետո հասկացա, որ էս մարդու գրականությունը իր ձայնի նման է՝ անտարբեր, սառը, ոչ էմոցիոնալ, կոշտ ու կոպիտ: Դե ոչինչ: Ու հասկացա, թե ինչի են քննադատում Պաչյանին: Պաչյանին քննադատում են, որովհետև չեն հասկանում նրան: Բնական է: Ես էլ Էմիլ Մարկին չեմ հասկանում: Հիմա ի՞նչ անեմ: Մեկ է՝ էդ մարդը չի փոխվելու: Թող գրի էլի, ես չեմ կարդա:
Հ.Գ. Թող ասածս խորհուրդ չհնչի, բայց գրողին քննադատելը, նրան փոխելու փորձեր անելը անշնորհակալ գործ է: Ավելի լավ է զբաղվենք ինքնաքննադատությամբ:
Վիկա Մարկոսյան

Leave a comment