Ինքնամփոփ(ում)

Ա3վելի ճիշտ՝ նամակ Ձմեռ պապին
Բարև, այ մարդ, ո՞նց ես: Դե… Տարվա այս շրջանում Հռոմի պապից էլ հայտնի պապ ես, էլ ո՞նց պիտի լինես:
Արդեն տասնվեց անգամ նամակ եմ գրել քեզ, տասնյոթերորդ անգամն էլ կարելի է:
Անցած տարի ո՞նց տեղ հասար: Գիտեմ՝ իմ երկրում ճանապարհները քո գալու շրջանում միշտ էլ փակ, կիսափակ են լինում, էլ ո՞նց պիտի հասնեիր: ՁյունԱնուշը կամ ՁյունաՆուշը ո՞նց է: Գիտեմ՝ ինքը միշտ հետդ է, էլ ո՞նց պիտի լինի:
Մի քանի օրից գալու ես, հա՞: Ի՞նչ ես բերելու: Դու էլ ուզում էիր պատասխանե՞լ: Չէ, չեմ ուզում… Ոչ մի «ինչ» չեմ ուզում: Ես «ովքեր» եմ ուզում… Գոնե «ով», բայց ոչ երբեք «ինչ»: Կբերե՞ս: Չբերես, գարունը կբերի, չեմ պահանջում:
Առանց այն էլ շատ-շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ես նուռ ուտելով փիլիսոփայում էի անցնող տարվա մասին, երբ անցած տարին էի ամփոփում: Եվ անցնող տարում իմ «ովքերն» ու «ինչերը» տանող-բերողը հեչ էլ դու չէիր, բայց, թե ուզում ես, կպատմեմ՝ ինչեր եղան:

10801635_587133848076399_4199591764687766256_nԳնալուցդ հետո ես նախ հավաքեցի տոնածառը, մրգերը կերա, հետո դուրս եկա դուրս՝ սրա-նրա «հոգին ուտելու» (տատիս սիրած խոսքն է): Ես նեղացրի մարդկանց՝ ոչ մի րոպե չդադարելով սիրել նրանց, ես սիրեցի մարդկանց՝ չդադարելով նեղացնել: Ես գտա մարդուն, կորցրի, նորից գտա: Հետո ուրիշ մարդ-մուրդ գտա, պահեցի մոտս, սիրեցի, հասկացա: Գնացի բժշկի, հանգստանալու, սար բարձրացա, իջա սարից, մորիներ կերա, գիրք կարդացի, փոխեցի մազերիս գույնը (չնայած՝ ոչ ոք չնկատեց դա), ծովին նայեցի, ֆիլմ, թատրոն նայեցի, ուրախացա, որ ինձ սիրում են, տխրեցի հակառակի համար… Էս տարի շատ հուզվեցի: Դարձա ավելի էմոցիոնալ, սկսեցի քիչ խեղդել մեջս եղածը: Ես կարողացա մարդկանց ասել այն, ինչ նրանք չէին սպասում: Հաղթահարեցի կոմպլեքսը, պարի գնացի, պարեցի(նք) հանդիսատեսի առաջ. չվախեցա:
Լճացա, գետացա: Վախեցա պատերազմից, բայց երբեք չատեցի: Տղերքի համար վախեցա… Բոլոր տղերքի՝ անկախ ազգությունից (մերոնց համար ավելի շատ):
Այ մարդ, ես անհանգստացա, պատկերացնո՞ւմ ես: Հետո ձանձրացա, հետո… Եսիմ: Շատ-շատ աղոթեցի… Անհավանական շատ: Վերջապես Աստծուն ճիշտ ընկալել կարողացա (հավանաբար):
10394575_1573273139552815_1982093979495651762_n2014-ին մտքումս ավելի շատ նյութեր գրեցի, քան ստեղնաշարի վրա, ավելի շատ լսեցի, քան խոսեցի… Մարդագիտական տարի էր: Վերջում մրցանակ ստացա, «0+»-ին մտքիս հեռու-հեռու անկյուններից կանչեցի, տեսանելի դարձրի ու էլի շատ ու շատ նախագծեր, որոնց տեսանելի դառնալուն մի ամենափոքր քայլ է մնացել… Կլինի (էդ «կը»-ն հեչ չեմ սիրում):
Ես կորցրի ու, պարզ է, անվերադարձ, որովհետև մեռած մարդկանց մեջ հարություն առնելու մի օրինակ է գրանցվել դեռ: Ինչևէ:
Հա, Ձմեռ, իմիջայլոց ես քեզնից ոչ մի բան չեմ ուզում: Կլինի՞ գնաս ու ավելի պատասխանատու մեկին գտնես, ասես, որ ես իմ Նոր տարին հնի պես կորուստախառը չլինի: Որ մանկատուն-ծերանոցներից ավելի շատ դուրս գնան, քան ներս գան, որ երկրից ավելի շատ ներս գան, քան դուրս գնան… Որ եթե միևնույն է մարդիկ պիտի գնան ու գան, «եսիս» հանգիստ թողնեն, ոչ մի մաս չտանեն հետները ու չթողնեն ոչինչ: Որ անվտանգ լինի «Նա»-ն, «Նրանք»-ը, «Մենք»-ը, «Բոլորս»-ը: Եթե էսքանը կատարես, էլ ոչ մի բան չեմ ուզենա: Մնացածը ես ինքս կանեմ: Ընդունվելու հարց է, գործելու հարց է, սիրելու հարց է, ավարտելու հարց է… Ես…Հա, մեն-մենակ կլուծեմ բոլոր հարցերը…Դու գլոբալի մասին մտածիր:

Ծխնելույզի մեջ չմնաս հանկարծ ու շուտ դուրս կգաս, որ չուշանաս չորս օրից:
Մեր ճանապարհներն էլ գիտես…Զգուշ եղիր: Հա, հրապարակի կրկնօրինակներիդ էլ ասա՝ չլինեն:
Սիրով՝ մեկը ձերոնցից:

Leave a comment