Կներես, Երևան…

IMG_7388Կներես, Երևան, ծնունդիդ չեմ եկել: Տասնհինգ անգամ կներես, որովհետև տասնհինգ անգամ կողքիդ եմ եղել ու չեմ եկել ասելու շնորհավոր: Ու երբեք սերեր չեմ չափել քեզ համար:
Ձերոնք քեզ տատիկի շորեր են հագցնում՝ վուլգար, անճաշակ շորեր: Բայց դու ջահել ես, չէ՞: Տխրում ես…

Փակիր ականջներդ, Երևան, աչքերդ փակիր: Էսօր բոլորը հիշում են, որ դու Երևանն ես, իսկ դու… մոռացիր: Տարվա մեջ մեկ-երկու օրով մոռացիր անունդ, տաիրքդ, թող ուրախանան, աղմկեն, հիշեն քեզ: Ուրախացիր, որ մի ծնունդ ունես, որ մի անգամ ենք ես ու դու տեսնելու այն, ինչ տեսնում ենք:
Իսկ նրանք կարծում են, թե սրտիկներ ու փուչիկներ ես սիրում: Մտածում են, թե սիրում ես 2795 տարեկան լինել: Առավոտյան բարձրակրունկ ու տոնական  շորեր հագնել, լողանալ,  գիշերը կեղտոտվելու ու հալից ընկնելու համար: Նրանք կարծում են, թե դու սիրում ես իրենց սրտի ուղեկիցը լինել: Դու էլի տխրում ես, ես՝ չգիտեմ:
Կներես, Երևան, ծնունդիդ չեմ եկել: Հյուսիսայինում էլի հիշելու էինք տատիս պապական տան մասին, որը քանդեցին նույն Հյուսիսայինը կառուցելու համար: Ես ու դու տխրելու էինք, ծնունդիդ օրով:
Կներես, Երևան, ես քեզ այսօր չեմ սիրում: Սիրում եմ տարին 364-363 օր միայն, երբ «տոնական» չես, երբ պարզ ես, հանգիստ, ուրախ, ամենօրյա: Երբ կարողանում եմ հետդ ժամերով խոսել, կարողանում եմ հասկանալ, հասկացնել ինչ-որ բան: Ու սերերը թողնել չչափված-անչափ, բառերը թողնել ուրիշ, անծանոթ քաղաքների համար: Իսկ քեզ միայն դրական նվիրել ու մի ուրիշ դրական նվեր ստանալ քեզնից:

Մենք ապրում ենք Երևանում, իսկ մեր տանը երեք Երևան է ապրում. Տատիս պապական տունը, ծնողներիս «Կուկուռուզնիկն» ու իմ «Փակ շուկան»:
Կներես, Երևան, էլ ո՞նց գամ ծնունդիդ:

16 thoughts on “Կներես, Երևան…

  1. Լավ, բայց եկեք հասկանանք, որ հնարավոր չէ, որ պատմության ողջ ընթացքում քաղաքը լինի նույն տեսքով:

  2. Վիկա,ջան ինչպես միշտ հիանում եմ,քեզնով,Ձեր սերունդը ,հույս ունեմ ,Երևանը ավելի շատ կսիրի:

Leave a comment